ARS մետա – անդրարվեստ

Գ. Գիլանցի անձնական լուսանկարներից
Գ. Գիլանցի անձնական լուսանկարներից

Մոտ երկու ամիս առաջ լույս տեսավ գրող Գևորգ Գիլանցի «ARS մետա» ժողովածուն: Այդ կապակցությամբ մի քիչ զրուցեցինք Գիլանցի հետ:  Կարծես թե հետաքրքիր ստացվեց:

* * * * *

– Ինչպե՞ս է ձևավորվում գիրքը, ժողովածուն: Այսինքն՝ ինչպե՞ս ես որոշում՝ էսքանն էստեղ, էս անվան տակ:

Դա ցանկացած գրող յուրովի է անում։ Անձամբ ես չէի ուզում ուղղակի գիրք անել գրական դաշտում ներկայությունս փաստելու համար, դրա խնդիրը չկա: Ես ուզում էի այնպիսի գիրք ստեղծել, որ գիրք լինի և՛ ամբողջի մեջ, և՛ միևնույն ժամանակ այդ ամբողջի մեջ գտնվող «ամբողջները»՝ ստեղծագործություններն առանձին վերցրած, միավորներ լինեն։ Գրվելու տարեթիվը կարևոր չէր, հին ու նորը կարևոր չէր, հրապարակված-չհրապարակված լինելը կարևոր չէր: Դրանք ներքին իմաստային թելով կապված են, ու երբ հանկարծ գլխի ընկա, որ գիրքս սկսվում և ավարտվում է նույն բառերով՝ հասկացա, որ ստացվել է՝ անկախ արձագանքներից, անկախ գնահատվել-չգնահատվելուց, անկախ այս աշխարհի բոլոր պայմանականություններից:

– Ստանդարտ հարց՝ ինչի՞ «Ars մետա»:

«ARS»-ը  լատիներեն  արվեստն է, «մետա»-ն հայերենում «անդր» իմաստն ունի, սա էլ պատահական վերնագիր չէ, ես ուզում էի ստանալ ոչ թե «ժանրային գիրք», այսինքն՝ պոեզիա, թե էսսեներ, թե արձակ, այլ դրանից անդին… անց, անդր… Եթե նկատել ես շարքերը, ըստ իրենց ներքին բովանդակային տեսակի՝ շարքերի են բաժանված, որոնք չեն երևում։ Մանկական հիշողության բանաստեղծությունների շարքերը էջի անկյունում միավորված են «Լույս ու տաք էր»  շարատիտղոսով, կա հենց «ARS-մետա», կա «թARS-մեTա»… Սա բառախաղ չէ, տառախաղ է, որ բառախաղ է դառնում, շարքի և բանաստեղծության իմաստային համահավաքում է կատարում, բայց այնպես, որ ընթերցողը չնկատի. ավելի շատ ես ինձ համար եմ արել…

cover1

– Մենք տարիքի հետ չիմաստնացա՞ծ ենք: Ի՞նչ է ընդհանրապես «ետին խելքը»:

էդ մասին կարելի է անվերջ բանավիճել, քանզի մենք ԱՆՀԱՏ տեսակ ենք, ու մեր «ես»-ը վեր ենք դասում անգամ ճշմարտությունից… Հետին խելքի մասին գրքումս ֆեյսբուքյան «ստատուս» եմ գրել, բայց ամեն մեկս մեր տեղում ու մեր դիրքում պիտի հասկանանք, որ մեր դժբախտությունը հենց էդ ետին խելքն է՝ ետին թվով վերլուծելը, որն ըստ էության ոչ ոքի պետք չի, քանզի դա ուշացածի, հանձնվածի հոգեբանություն է իր մեջ կրում։ Անցած-գնացածը վերլուծում են, որ հետևություններ անեն, որ սեփական սխալից սովորեն, ոչ թե էնքան քրքրեն ու քրքրեն, որ էդ քրքրված նյութից զզվելդ գա…
Մեզ երազանք է պետք, ոչ թե վերլուծություններ, մեզ երազողներ են պետք, ոչ թե վերլուծաբաններ, որոնցից շատերին ես լուծողական կտայի, որ փորլուծեն ու չհասցնեն թուղթ ու գրիչին կամ համակարգչին մոտենալ՝ հերթական «հանճարեղությունը» լավաշելու…

– Ժողովածուում ո՞ր գործդ է ամենաշատը դուրդ գալիս:

Արդեն բոլորը, կամ ոչ մեկը։ Այնտեղ իմ մանկությունն է, այնտեղ իմ կյանքն է, որ անցել եմ ու երևի պիտի անցնեմ, ու եթե ընտրելու հնար լիներ՝ կապրեի նույն կերպ։ Բոլորն էլ հավասարապես սիրում ու չեմ սիրում, քանզի եթե բլոգիս հետ համեմատես՝ կտեսնես, որ ահագին արդեն ծանոթ գործեր այնտեղ խմբագրած են։ Հաջորդ գրքում, եթե հներից ընդգրկեմ, կարող է պատահի այստեղից գործեր դնեմ, ու տեսնես, որ դրանք էլ են խմբագրած։ Դրանք իմ «երեխաներն» են, ես՝ նրանց «հայրիկումայրիկը», մշտապես «դաստիարակելու» եմ։ Կաշխատեմ այդ ընթացքում զառամախտի («մառազմի») մեջ չընկնել։ Չնայած չեմ վախենում, աղջիկս չի թողնի…
Աղջիկս ընկերներիս թոռների տարիքին է ։))) Էնպես որ չեմ վախենում։ Ընդհանրապես, ես ոչ մեռնելուց եմ վախենում, ոչ ապրելուց։ Դա ինձ օգնում է ապրել։
… Մեր մեծագույն դժբախտությունը վախկոտությունն է, մեր էպոսին էլ որ մի քիչ ուրիշ անկյան տակ նայենք, ապա կտեսնենք, որ բոլոր դժբախտությունները վախկոտությունից են, իսկ վախը՝ խորքային անհավատությունից։

– Էս վերջերս թերթում էի էպոսը, սիրտս ցավեց Դավթի համար. ամեն կռվի գնալուց առաջ – տղե՛րք դուք էստեղ նստե՛ք, քե՛ֆ արեք, ես գնամ, «իդոնց» ջարդեմ գամ:

Ընդհանրապես մենք անգամ էպոսի մեջ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ պիտի անենք։ Էդ որ ասում էի, վախկոտության մասին, պատահական չէի ասում։ Մեզանից ամեն մեկը կամ Սասնա Դավիթ է (կռվող հայրենասեր, թասիբով, բայց ամեն պահի պոտենցիալ զոհ, ինքնակամ մատաղացու), կամ Ցռան Վերգո (վախկոտ, անթասիբ, իշխանատենչ, ագահ, բայց ապահով, տաքուկ տունուտեղով, ցանկացած նվաճողի ոտքը լիզող ու սեփական բարեկեցությունն ապահովող), կամ Քեռի Թորոս, որ հեռու է, ձայնեղ… Մեզնից քանի՞ տոկոսն է հոգեկերտվածքով Դավիթ, քանի՞ տոկոսն է Վերգո, քանի՞ տոկոսն է երկրից փախչում ու դառնում Թորոս…
Չնայած Թորոսի իմ ընկալումը վերջնական չէ, դեռ մտորում եմ:
Հիմա ես Բախտինի «Էպոս և վեպ» աշխատությունն եմ թարգմանում, ապշում եմ, որ դեռ հիսունից ավելի տարի առաջ Ռուսաստանում նման հրաշալի մակարդակի վերլուծություն է եղել, իսկ մերոնք դա իսկի չեն էլ նկատել, կամ ինչ-որ այլ պատճառ է եղել, բայց որ հայերեն դեռ չունենք։ Հենց դա ավարտեցի, նորից էպոսն եմ կարդալու և նոր միայն ընկերոջս՝ Լևոն Խեչոյանի, հետմահու լույս տեսած վեպը՝ «Մհերի դռան գիրքը»։

– Շատ սիրեցի «Մենամարտդ»: Ուրախացա, որովհետև գաղափարակից տեսա: Ավելի ճիշտ՝ դա գաղափար կոչելը սխալ է, դա պիտի որ կենսակերպ լինի: Ցավոք՝ հեռու ենք դեռ դրանից: Ու «քոչարի բռնելը» լավատեսություն, որից ես էլ հույսս չեմ կտրում: Ո՞նց պիտի սովորենք ազգովի իրար սիրել: Դիմացինի մեջ «ցեղակից» տեսնել:

Մենք հիմնական մի խնդիր ունենք՝ հասարակության բնական մաղերի գործունեությունը վերականգնել։ Սա ինչի ասացի, քանի որ մենամարտը արդեն ճգնաժամի հասած հալածվող, բայց ազատ տեսակի վերջին ճիչի նման մի բան է։ Ու այնտեղ ես իմ տեսակի դավաճանին առաջին հերթին իմ ժանիքով եմ խեղդում։ Մենք տեսակ ունեցողներով ենք միայն քոչարի բռնում։ Իսկ տեսակը հաղթում է, երբ նրա ինքնազտման, սելեկցիոն մաղերը աշխատում են։ Հիմա մենք ի՞նչ վիճակում ենք… մեր մեջ ներքին ընտրություն չի գնում, դրսի կամ այլ ուժեր (դավադրության տեսությունների հանդեպ անտարբեր եմ, թեև ոչ ժխտում եմ, ոչ՝ պնդում) մեր միջից ջոկում են իրենց հարմար տեսակին ու մեր գլխին ղեկավար կարգում, ու մեր տեսակի արեալը պակասում է, ու գալիս է պահը, որ պիտի քոչարի բռնենք… Եթե մարդն իրոք տեսակ ունի և իրոք սիրում է, ապա նա չի կարող չկռվել, չպաշտպանել իր տեսակը, իր սերը, իր ընկերոջը…

Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը» շատ եմ սիրում, մասնավորապես այս մասին խորհելիս միշտ հիշում եմ նրա խոսքը՝ «Հիշողությունը դրած է մարդու ու անասունի արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես – հիշողության մեջ չես՝ հրե՜ն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել…»

– Փաստորեն դետալներում ամբողջությամբ գաղափարակից չենք:) …Անչափ հուզիչ էր «Հորս բաճկոնը»:

Իրական կյանքի իրական կտոր է։
Ռևիչն էլ էր տեսակ, մոսկվաբնակ պոռոտախոս ու սուտասան հայերն է՞լ։ Ես իմ կաշվի վրա եմ զգացել ինչ ասել է՝ տեսակ:

– Դեռ կա՞ էդ բաճկոնը:

Հա, իմ պահարանում կախված է: Հայրս է հագնում, երբ… չգիտեմ՝ ոնց է գուշակում: Հայրս Ռևիչից մի տաս-տասնհինգ տարի փոքր է:

– Առանց «Աբսոլյուտի» չի լինի:) Կոնկրետ նախատիպեր կա՞ն, թե՞ հավաքական հորինվածք են:

Կան, ու շատ-շատ։ Էդ շատ-շատից վերցրել եմ պտղունց-պտղունց ու ստացել Նազելուն։ Ու միայնակ մայրն, ինչքան էլ ցավալի երևույթ լինի, ավելի գերադասելի է, քան չամուսնացած աղջիկը… Գիտես մի հին բանաստեղծության մեջ (առաջին գրքում կա) այդպես էլ զավակ չծնած կանանց անվանել էի չկրակող հրացան:

– «Լուսադեմ էր…»
Փաստորեն կինը: Գործը կարդալիս ժպտում ես, գլխով հաստատում՝ փաստորեն: Մեծ գնահատանք կա էդ գործի մեջ, լուրջ ու խորը մեծարանք, ոչ թե դատարկ, կենացային խոսքեր:

Ես ոչ մի բան չեմ մոգոնել, իրական պատմություն է։ Էդ կնոջը կյանքումս չեմ մոռանա։ Մի քիչ դիմանկարն եմ խտացրել։
Տարօրինակ բան ասեմ էդ գործի կապակցությամբ։ Գրականագետները, մասնագետները չեն հավանում, իսկ ոչ մասնագետները՝ շատ են հավանում։ Իսկ ես ուրախացա, որ շնորհանդեսին լիովին անծանոթ մարդկանց տեսա, լրիվ անծանոթ։ Ու ես ավելի շատ ուրախացա էդ մարդկանց տեսնելով, քան թե ընկերներիս, որոնց անչափ շատ եմ սիրում։ Ու ոչ մասնագետ ընթերցողի գնահատանքն ինձ համար ավելի կարևոր է, ոնց որ այդ անծանոթների ներկայությունը գրքի շնորհանդեսին…

– Եւ այսպես կինը…

Դու վերցնում ես մի կնոջ, կոնկրետ կնոջ, ու սկսում ես նրա մեջ ման գալ իմացածդ մյուս կանանց։ Եթե աչք ունես, ապա ամեն մեկից մի բան ես գտնում, հետո բոլորին ու այդպես վերջում կարող ես Անահիտ աստվածուհի ստանալ, կամ Աստղիկ… Իսկ ո՞վ է ասել, որ բոլոր կանայք միասին չեն ապրում մի կնոջ մեջ, ու ով գիտի, որ էդ կինը մեհենական ասվածուհի Անահիտը, կամ Աստղիկը չէ ։)) Ես էդ կնոջն էդպես էի ընկալում, ու էդ գործը էդպես ԾՆՎԵՑ:

– Աստծո տեսակարար կշիռը՞:

Ինքնին ասված ու ավարտուն ԲԱՆ է։ Երբ վերջաբանին փոխարինող տեքսն էի գրում, զավակս՝ դստրիկս, արդեն կար, մոր կրծքի տակ էր։ Իսկ նախաբանանման «Աստծո տեսկարար կշիռ»-ը երեխաներ ու մշակույթ  սիրող մարդու խոհ է։
Իսկ երեխա, մշակույթ, կյանք… Սա նույնպես ազնիվ լինելու կոչ է, դստրիկիս չէ, ես իրեն այդպիսին կդաստիարակեմ, սա հայկական ասացվածքի նման՝ «կուժ քեզ եմ ասում, կուլա, դու լսի» տարբերակն է, սա սեփական փառասիրությանը հագուրդ տալու մոլուցքով տոգորվածներին Աստծո մասին հիշեցնել է, սա մեր հոգին աղբով չլցնելու կոչ է։

* * * * *

Ու վերջում մի քանի բառով ցանկանում եմ գրել իմ տպավորությունների մասին:
Կան ժողովածուներ, բանաստեղծությունների կամ պատմվածքների, որ կարող ես սկսել կարդալ կամայական էջից: Ընթերցել ինչ-որ գործ, հետո թռնել մի քանի էջ առաջ կամ հետ, ընթերցել մեկ այլ բան և այլն: Բայց Գիլանցի «Ars մետա» ժողովածուն, չնայած նրան, որ այնտեղ ընդգրկված են և՛ առանձին բանաստեղծություններ, և՛ պատմվածքներ, և՛ էսսեներ, հետաքրքիր ամբողջականություն է ստացվել:
Իհարկե, կարդում ես, ինքդ քեզ համար առանձնացնում ես դուրդ եկածները, սակայն քեզ անընդհատ ուղեկցում է ինչ-որ ամբողջականության, գործերի միգուցե իմաստային միավորվածության զգացողություն:
Չգիտեմ՝ ստեղծագործությունների ճիշտ ընտրված հերթականությա՞ն շնորհիվ է, թե՞ պարզապես «հանգամանքների բերումով», բայց կարդալիս այնպիսի տպավորություն է, թե նստած ես Գիլանցի ստեղծագործական երեկոյին, և կա կենդանի շփում:
Ասես փոքրիկ հարմարավետ դահլիճում նստած՝ ստեղծագործողը կիթառը ձեռքին զրուցում է հետդ, ներկայացնում իր գործերը, ժամանակ առ ժամանակ ընդհատում երգ-բանաստեղծությունները ինչ-որ կենդանի ու իրական պատմությունով, պատմում շատ ճանաչելի Երևանիցդ ու քեզ անծանոթ իր ծննդավայրից, զրուցում ընդհանուր ու հարազատ թեմաներից, խնդիրներից:
Ու այդ ամբողջականությունը զգալու համար պետք է գիրքն արագ կարդալ, այսինքն՝ սկսել ու վերջացնել ամենաշատը 2-3 օրվա ընթացքում: Ու անպայման պետք է սկսել առաջին էջից: Հակառակ դեպքում մի տեսակ կիսատ կստացվի, և նույնիսկ եթե բոլոր գործերը մեկ առ մեկ դուրդ գան, կկորչի հեղինակի ներկայացրած մարդկային պատմության, աշխարհի ամբողջականությունը:

Հ.Գ.
Կարծիքս իր գրքի մասին Գիլանցին որոշել էի հայտնել խոսակցության ավարտին: Բայց երբ նա սկսեց պատասխանել առաջին հարցիս ու խոսեց ամբողջականությունից, չդիմացա, ասացի, որ հենց էդ ամբողջականության զգացողությունն էլ ունեցել եմ ընթերցելիս: Ինչին նա պատասխանեց.

– Ու եթե դու՝ ընթերցողդ, այդ ամբողջականության զգացումն ունեցել ես, սիրելի՛ ուշիմ ընթերցող, ապա ես միայն ուրախ եմ, ու իմ խնդիրը կարող եմ լուծած համարել:

🙂

Հ.Հ.Գ.  Գիլանցի գրատարածքն այս հասցեում՝ http://gilants.wordpress.com 

զրուցեց Ն. Ա.

Leave a comment