Դաթո Տուրաշվիլի, «Ջինսի սերունդը»

Այս գրքի մասին մտադիր էի կարճ ասել՝ թույլ գիրք է, վրան չարժե ժամանակ ծախսել:

Բայց քանի որ այն հայտնի և իրական դեպքերի հիման վրա է գրված, որոշեցի տեղեկատվություն փնտրել այդ դեպքերի մասին: Հնարավոր ու հասկանալի երկու լեզվով՝ անգլերեն ու ռուսերեն: Անգլերեն գտա շատ քիչ, հիմնականում վիքիպեդիայում՝ վեպի հեղինակի տարբերակին շատ մոտ (հետևաբար ենթադրեցի, որ հոդվածի հեղինակն ամենայն հավանականությամբ ազդվել է գրքի տարբերակից, այնուհետև լրացուցիչ տեղեկություններ գտնելով՝ հասկացա, որ իրականում դա Գամսախուրդիայի ու նորանկախ Վրաստանի ժամանակ թափ առած հակասովետականությունով սնված վարկածն է):

Ռուսերեն տեղեկատվությունն ավելի շատ էր, փաստերով ավելի հարուստ, Տուրաշվիլիի առաջ քաշած վարկածին՝ լրիվ հակառակ:
Եւ այսպես, խոսքը  1983 թ-ի նոյեմբերի 18 – 19-ին տեղի ունեցած Թբիլիսի-Լենինգրադ չվերթն իրականացնող օդանավի առևանգման փորձի մասին է:

Ըստ Դաթո Տուրաշվիլիի՝ առևանգողներն անմեղ երիտասարդներ էին, հոգով ապստամբ-ռոմանտիկներ, որոնք հոգնել էին Խորհրդային Միության ճիրաններում ապրելուց և ձգտում էին դուրս՝ Ամերիկա՝ ազատ ու երջանիկ կյանքով ապրելու համար:

Ըստ եղած ռուսերեն տարբեր աղբյուրների և նաև դատական ընթացքի մասին պաշտոնական ամփոփ տարբերակի՝ նրանք Վրաստանում տարբեր ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց սանձարձակ երեխաներ էին, որոնք ապրում էին ցոփ կյանքով, լիության մեջ և, որպես իրենց հերթական կամակորության դրսևորում, որոշել էին առևանգել օդանավը և աղմկահարույց ձևով լքել ԽՍՀՄ-ը, որպեսզի լինեն ոչ թե սովորական իմիգրանտներ, այլ հերոսներ, ովքեր պայքարել են ռեժիմի դեմ:

Այս տարբերակի օգտին խոսում է մի շատ կարևոր փաստ, որի մասին լռում է Տուրաշվիլին՝ նրանք բոլորը հնարավորություն են ունեցել տուրիստական ուղեգրերով արտասահման գնալու և այնտեղ մնալու, սակայն նախընտրեցին առևանգման և ահաբեկչության տարբերակը, քանզի, ինչպես իրենք հետագայում հայտարարեցին դատավարության ժամանակ. «Երբ հայր և որդի Բրազինսկասները թռան աղմուկով, կրակոցներով, սպանեցին ուղեկցորդուհի Նադյա Կուրչենկոյին, նրանց դարձրին պատվավոր ակադեմիկոսներ, անունները դրեցին խղճի գերիներ, Թուրքիայից Ամերիկա ուղարկեցին: Մե՛նք ինչով ենք պակաս»:

Ըստ Տուրաշվիլիի՝ երիտասարդների արարքի մեջ ոչ մի վատ բան չկար, նա նույնիսկ մեկ տողով չի դատապարտում արկածախնդրությունը, որի պատճառով մարդիկ մահացան: Բացի այդ, նա ներկայացնում է տեսակետ, թե օդանավում եղած մարդկանց ու անձնակազմին կրակել ու սպանել են դրսից (բացառությամբ՝ ոչ առևանգողների մեղքով տեղի ունեցած դժբախտ պատահականության), կեղտոտ ԿԳԲ-ի կեղտոտ աշխատակիցները ու հետո ամեն ինչ բարդել երիտասարդների վրա: Եւ այս տեսակետն էլ, փաստորեն, վերը նշված հակասովետական ու հակառուսական տրամադրությունների ժամանակներում շահարկված վարկած է, որը որևէ փաստացի ապացույց չունի: Եւ զարմանալի է, որ գրողը բացարձակապես հաշվի չի առել դեպքի անմիջական մասնակից օդանավի անձնակազմի անդամների վկայությունները:

Մինչդեռ ըստ անձնակազմի անդամներից մեկի՝ օդանավը շրջակալած անվտանգության մարմինները կրակ են բացել, երբ ուղևորներից մեկը դուրս է թռել օդանավից ու փորձել է փախչել: Նրանց թվացել է, թե փախչողը առևագնողներից մեկն է, և կրակել են:

Եւ հատկապես այստեղ է, որ ես՝ որպես ընթերցող, դժգոհ եմ գրողից, պահանջներ եմ ներկայացնում նրան: Բացի նրանից, որ գեղարվեստական առումով գիրքը բավականին կաղում է, Տուրաշվիլին՝ որպես իրական դեպքերի վրա հիմնված վեպի հեղինակ, չպիտի անտեսեր նման խոսուն վարկածներն ու վկաների խոսքերը, եթե վկայությունների այլ աղբյուր չուներ (իսկ ինչպես նշում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության կայքը, գործի հետ կապված բոլոր նյութերը ժամանակին փոխանցված են եղել Վրաստանի ազգային անվտանգության մարմիններին, իսկ այդ կառույցի արխիվները այրվել են 90-ականներին):

Ընդհանրապես, կարդալիս տպավորություն ես ստանում, թե Տուրաշվիլին գրելու ընթացքում պատկերացրել է իր գրքի հիման վրա ստեղծվելիք հոլիվուդյան ֆիլմը՝ երիտասարդ խենթ սիրահարների ու նրանց ընկերների մասին, որոնց սպանեց խորհրդային երկաթե ձեռքը (խաղադրույքը հակառուսականությունն է, որ միշտ էլ գերիշխող տրամադրություն է ամերիկյան հասարակության ու քաղաքականության մեջ ու ժամանակ առ ժամանակ սրվում է ինչ-ինչ աշխարհաքաղաքական տուրուդմփոցների արդյունքում): Ու այդ երազանքների մեջ ընկած գրողն ասես անտեսել է գրքում իրականության և երևակայության համապատասխանության կարևորությունը: Այսինքն, դու կարող ես իրական դեպքերը համեմել ինչ-որ գեղարվեստական փոքր ու մեծ հորինվածքներով, բայց չես կարող անտեսել այդ հորինվածքների հնարավոր կամ անհնարին լինելը, եթե ոչ թե հեքիաթ ես գրում, այլ իրական դեպքերի վրա հիմնված վեպ-տեսակետ: Օրինակ, նա ներկայացնում է այսպիսի մի անհավանական ու անիրագործելի սիրային «խաղիկ». ահավոր ու աչալուրջ ԿԳԲ-ի աշխատակիցների քթի տակից հարցաքննությունների ժամանակ Գեգան գրիչ է թռցնում, այն իր մոտ է պահում օրերով և դրանով նա, ի պատասխան Թինայի՝ wish you-ին, միջանցքի պատին գրում է՝ were here, հետո էլ արդեն մայրենի լեզվով հարցուփորձ անում նրանից: Ի դեպ, անգլերեն երգի բառեր գրելն էլ ինքնին մի քիչ անհավատալի է, թեև ոչ բացառված, և ասես կրկին ուղղված երևակայական ֆիլմի հանդիսատեսին՝ նրան փշաքաղեցնելու համար:

Եւ այսպես, գիրքը հիշեցնում է միջակ որակի հոլիվուդյան երևակայական ֆիլմի սցենար փոքրիկ, խեղճ ու խորհրդային ատելի ռեժիմի մարդակերության հետ բացարձակապես ոչ մի կապ չունեցող ազատատենչ Վրաստանի ու նրա բնակիչների մասին:

Ավելին, գիրքը կարդալիս նաև այնպիսի տպավորություն է, որ այն գրվել է առաջին հերթին հենց «արևմուտքի» համար: Այն նման է օտարազգի բարձրաստիճան պատվիրակության համար կազմակերպված տուրիստական էքսկուրսիայի, որտեղ միմիայն դրական ու լավ կողմերից են ներկայացվում տեղացիները, նրանց սովորույթները, նիստուկացը: Ամբողջ գրքում միակ վատ վրացին Շևարդնաձեն է (եզակի դեպքերից, որ գրողի հետ համաձայն ես՝ Շևարդնաձեն վատն է, բայց իհարկե ոչ միակը մի ամբողջ ժողովրդի ու մի ամբողջ ժամանակահատվածի համար):

Եւ ամեն տեղ՝ այդ համատարած բարության մեջ, անտեսանելի կարմիր ձեռքը, արնախում բերանն ու արնակալած աչքն են՝ ռուսական կամ խորհրդային իշխանությունների, ԿԳԲ-ի աշխատակիցների, նրանց համակարգի տեսքով:

Սակայն գրքի և հեղինակի մասին փնտրտուքներում հանդիպեցի նաև մի հարցազրույցի, որտեղ Տուրաշվիլին գովում է հենց գրքում նկարագրված ժամանակների Թբիլիսիում տիրող, Մոսկվայի հետ անհամեմատելի ազատությունը: Հարցազրույցում, փաստորեն, գրողը ներկայացնում է իր իսկ գրքում նկարագրվածին հակառակ իրավիճակ: Մինչդեռ իր վեպում կյանքը ԽՍՀՄ-ում այնպիսի դրամատիկ գույներով է ներկայացված, որ այդ երկրի ներքին կյանքին անծանոթ մարդկանց մոտ արցունքներ առաջանան այն բոլոր հոգեկան կտտանքներից ու տվայտանքներից, ազատության տենչից, խորհրդային իշխանության բռնակալական բնույթից: Եւ գրողը հենց դրանով էլ փորձում է արդարացնել «անմեղ» սիրահար զույգի և նրանց ռոմանտիկ ընկերների մանկական արարքը (մի տեղ նա օդանավում զարգացող դեպքերը հենց «մանկական խաղ» էլ անվանում է):

ԽՍՀՄ-ի երկրպագուն չեմ, քանի որ թերևս ամենաշատ վնասը հենց իմ ազգն ու երկիրն է ստացել այդ պետությունից, հատկապես դրա կազմավորման ժամանակներում: Սակայն տանել չեմ կարողանում այդ աստիճանի պաթոսով հարուստ կեղծիքն ու ԽՍՀՄ-ի այդ աստիճանի դեմոնիզացումը: Եւ առավել ևս ծիծաղելի է հնչում (կամ տվյալ դեպքում՝ կարդացվում), երբ պաթոսը դուրս է գալիս վրացուց, որն ասես ստեղծագործական ճիգերի ու քրտնանքի մեջ մի պահ մոռանում է, թե ովքեր ու ո՛ր ժողովրդի ներկայացուցիչներն էին ԽՍՀՄ գլխավոր դեմոններից առնվազն երկուսը՝ Ստալինն ու Բերիան: Մի տեղ նրանց ու նրանց նմաններին ակնարկելիս նույնիսկ օգտագործում է «ռուսներ» բառը:

Ընդհանրապես եթե նկատել եք, աշխարհիս երեսին գոյություն ունեն գեղարվեստական գործեր՝ գրքեր, նկարներ, երաժշտություն, որոնց վերնագիրն ավելի խոստումնալից է, ավելի ուժեղ է, քան բովանդակությունը: Ամենավառ օրինակներից է, ասենք, ռուս գեղանկարիչ Վերեշչագինի «Պատերազմի ապոֆեոզ» գեղանկարը (http://www.tretyakovgallery.ru/ru/collection/_show/image/_id/183): Վերնագիրն առանց կտավի առանձին կյանքով կարող է ապրել՝ որպես գաղափար, որպես աշխարհական չարիքի մարմնավորում և այլն: Բայց գեղարվեստից քիչ թե շատ հասկացող կամ գեղարվեստական աչք ունեցող մարդուն այդ անվան ներքո ներկայացված կտավը կարող է երկարատև դեպրեսիայի գիրկը նետել ու հիասթափացնել գեղանկարչությունից ընդհանրապես:

Մոտավորապես նույնը կարելի է ասել նաև այս գրքի ու դրա վերնագրի մասին: «Ջինսի սերունդը» հնչում է խոստումնալից, համոզում է քեզ գրախանութում շարված բազմաթիվ այլ գրքերից ընտրել հենց այդ մեկը: Սակայն նման վերնագրով վեպը կարող էր լինել հիրավի ռոմանտիկ (ոչ տարածված պրիմիտիվ իմաստով), գեղեցիկ պատմություն: Ձախողման պատճառը, ըստ իս, ստեղծագործողի օժտվածության աստիճանն է: Եթե տաղանդը քչություն է անում, ստացվում է այսպես՝ անվանումն ավելի ուժեղ է և իր ուժով ավելի է թուլացնում ստեղծագործությունը: Ստեղծագործողի ունակությունները, տաղանդը չեն համապատասխանում այդ աստիճանի բարձրագոչ վերնագրին:

Երևի թե այսքանը:

Եւ ամփոփելով՝ կարելի է փաստել՝ հիմնական թելը, որ տանում է վեպի սյուժեն, կեղծությունն է, մի տեսակ վատ թաքցրած երկերեսանիությունը. կեղծիքի վրա ստեղծված կեղծ պատմություն, կեղծ ռոմանտիկայով ու կեղծ միջավայրում: Եւ ես իրոք հակիրճ կասեի՝ թույլ գիրք է, չարժե կարդալ, եթե այդ կեղծիքն այդքան ակնհայտ ու այդ աստիճանի անարդարացի չլիներ:

Հ.Գ. Նյութը հրապարակելուց առաջ գրողի լուսանկարներ փնտրելիս մի կայքում հանդիպեցի տեղեկատվության, որ նրա «Ջինսի սերունդը» գրքի հիման վրա պատրաստվում են ֆիլմ նկարահանել: Կարծես թե Ամերիկայում:)

Հեղ. Ն.Ա.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s