Երբ բաց է թողնվում ինքնակազմակերպման հերթական հնարավորությունը

Արեւմտահայերէն տարբերակ

2015-ն ավարտվում է: Եվ լավ է, որ շուտով կավարտվի: Հագեցած, գերհագեցած տարի էր, ծանրաբեռնված տարի: Աշխարհի մասշտաբով: Բայց դե, մենք՝ հայերս, չափից դուրս կենտրոնացած էինք մեր մանուշակագույն անմոռուկների վրա, որ հասկանայինք 2015-ի աշխարհը: Զուր չէ, որ խոսում են Հայաստանի գլոբուսից:  Էս գլոբուսի վրա էլ հինունոր պրոբլեմներ՝ որքան ասես: Բայց որտեղից որտեղ որոշեցինք, որ հարյուրամյակ պիտի նշենք՝ պատշաճ մակարդակով, աշխարհի հետ: Ու մեր իրականության թշվառ կարկատանների վրա մի երկու անմոռուկ շարեցինք, աշխարհի ձեռքից բռնեցինք տարանք անմար կրակի մոտ, որ ասենք՝ ուղիղ հարյուր տարի առաջ մեզ մորթել են:  Կարծեցինք՝ մեր աստեղային ժամն է, աշխարհը մեզ հետ է, արդարությունը չի մեռել, դեռ մի բան էլ՝ կնպաստենք հետագա ցեղասպանությունների կանխարգելմանը: 2015-ը վերջանում է, աշխարհն իր խնդիրներով է զբաղված, իսկ մենք մի տարի էլ հետ ընկանք:

Ինչու՞, ինչու՞ ենք մենք այսքան հանդիսապաշտ: Ինչու՞ ենք այսքան բարդույթավորված: Ինչու՞ ենք այսքան կախված ուրիշի ապրումակցումից: Ուրիշի արտասանած կամ չարտասանած բառերից:  Ինչու՞ մեր ներկայի խնդիրներին տեր չենք կանգնում, չենք փորձում դրանք լուծելով մեջքներս շտկել ու աշխարհի հետ դու-ով խոսել: Ո՞ւմ պարզ չէ դեռ, որ  եթե ներկայիս հաղորդակցային հնարավորությունների դարում հիմա էլ եզդի ժողովուրդն է ցեղասպանվում, կամ հետևողականորեն կեղեքվում է Սիրիան,  աշխարհն էլ անճարակ թամաշա է անում, ուրեմն հարյուր տարում ոչինչ չի փոխվել, ուրեմն՝ թքած ակնկալվող ճանաչումների վրա, ուրեմն՝ թքած կոնֆերանս-մոնֆերանսների վրա, ամենօրյա աշխատա’նք է պետք, աճել ու բազմանա’լ է պետք,  հոգևոր ու ֆիզիկական տարածքներդ պաշտպանե’լ է պետք, դրանք լցնե’լ է պետք, գյուղերդ ամրացնե’լ է պետք, թելադրող դառնա’լ է պետք:

2015-ն անցնում է՝ ո’չ մի խոսք, ո’չ մի հայեցակարգային-կրթական ծրագիր ֆիդայական շարժման, ինքնապաշտպանական մարտերի, հերոսամարտերի մասին: Տեղյակ չեմ՝ ինչքան պետական ու ինչքան մեկենասային գումարներ են մսխվել հյուրեր ընդունելու, (նրանց ոտքերը պլեդներով ծածկելու), անմոռուկային ինդուստրիան խթանելու, ցեղասպանության թանգարանը կատակոմբային ոճով ընդլայնելու ու անթիվ անհամար կոնֆերանսներ կազմակերպելու վրա: Չեմ էլ ուզում իմանալ:

Ես կուզենայի այս տարի ընդամենը մի ֆիլմ նկարահանվեր. ի հեճուկս թուրքական լոբբինգի ու հոլիվուդի արդեն տասնամյակներ տևող չուզողության՝ հայերն ամեն ինչ մի կողմ դնեին ու իրենց ուժերով «Մուսա լեռան քառասուն օրը» նկարեին: Կինոարտադրության ամենաբարձր նորմերով: Վերֆելի գլուխգործոցը՝ նույնիսկ հայոց ցեղասպանության համատեքստից դուրս,  հավասարը չունեցող ուսումնասիրություն է էքստեմալ պայմաններում որոշակի սոցիումի գոյատևման մասին: Բացառիկ կենդանի նյութ՝ սոցիալական հոգեբանության համար: Ի վերջո՝ անգերազանցելի պատմական օրինակ, գոյատևման անփոխարինելի բաղադրատոմս՝ ողջ հայության համար:

Ես կուզենայի Մուսա լե’ռը թելադրող լիներ այս տարում, Անդրանի’կը թելադրող լիներ այս տարում, Չաո’ւշը, Արաբո’ն, Արամ Մանուկյա’նը լինեին մեր ոգեկոչման ակունքներում: Մեր ինքնավստահությունը, մեր համառությունն ու դիմադրողականությունը, նաև մեր ամոթալի սխալներն ու հավերժական միամտությունը լինեին 2015-ի մեր քննարկումների հիմքում:

Սրա համար շատ գումար պետք չէր: Պիտի կայացվեր ինքնադաստիարակման վճիռ, ու ամեն մեկն սկսեր իրենից: Անշուշտ՝ պետական հանրային աշխատանքի ուղղորդմամբ: Կրթական քաղաքականությամբ: Կրթական ոլորտում պատմական գիտելիքների ու պատմական վերլուծության կարողությունների խթանմամբ: Անմոռուկ սարքելու փոխարեն՝ աշակերտին պիտի հանձնարարվեր Անդրանիկի մասին սերտել, մեր ինքնապաշտպանական մարտերի մասին սերտել, ֆիդայական շարժման մասին, և որ պակաս կարևոր չէ՝ մեր սխալների մասին, որ գյուղերով գլուխներս կախ դատարկել ենք մեր հայրենիքը, որ առանց դույզն-ինչ դիմադրության բերդաքաղաքներ ենք հանձնել, այ սրա’ մասին պիտի խոսվեր, սրա’ վրա պիտի կենտրոնանար մեր հարյուրամյա հիշողությունը:

Այն ինչ արվեց 2015-ին, ես հակիրճ կոչելու եմ ինստիտուցիոնալ ղզիկություն: Երբևէ հայոց ցեղասպանությունն այսչափ անարգված չի եղել: Լավ է չանել ոչինչ, քան պետական մակարդակով ու շարմագլամուրային ճաշակով անմոռուկաթաղ անել այն ամենասուրբը ու կարևորը, որ ծլարձակել էր Եղեռնի մոխիրներից՝ մեր ժողովրդի ապրելու ու արարելու համառությունը:

Նորագույն պատմության իրար հաջորդող ցեղասպանությունների օրինակներն աչքի առաջ ունենալով՝ աշխարհից, միջազգային հանրությունից վիզ ծռել, խնդրել, որ մեր ողբերգությունը կլոր տարեթվում ճանաչեն ու դրան ճիշտ անուն տան, նշանակում է հարյուր տարի բարուրի մեջ մնացած լինել, կամ, որ ավելի դաժան է, ինչ-որ պահի կորցրած լինել ազգային արժանապատվությունը:

Պատմում են, որ դեռ քուրդ ու թուրք հրոսակների առաջին հարձակումների ժամանակ մեր մամիկները տների ու նկուղների հողածածկ գետիններից վառոդի հումք են ստացել: Կամ, երբ թուրքերը լքված մի գյուղում մնացած մի հայ պառավի ծաղրել են, թե ձեր Աստվածը ձեզ լքել է, պառավն ասել է՝ չի լքել, հրեն՝ Անդրանիկի ու նրա զինվորների հետ է:

Ինքնապաշտպանությունը  լավագույնն է Աստծո օրհնությունից հետո: Ես նույնիսկ կասկածում եմ, թե Աստծո օրհնություն կարող է լինել այնտեղ, որտեղ ինքնապաշտպանությունը բացակայում է:

Հեղինակ՝ Անի Մարտիրոսյան

Leave a comment